Մյուս տարի «Փարոսը» նշելու է հիմնադրման 20-ամյակը: «2013 թ-ին պատրաստվում ենք նշել մեր 20-ամյակը, նոր ձայնասկավառակ ենք թողարկելու, որովհետև վերջինը թողարկվել է 10 տարի առաջ»,- ասում է Րաֆֆի Միքայելյանը, ով ղեկավարում է երգչախումբը 2009 թ-ից:
Երգչախումբը վերջին տարիներին բազմաթիվ նվաճումներ է ունեցել, ելույթ է ունեցել Ավստրիայում, Սլովակիայում: Սլովակիայից այն երկու բրոնզե մեդալով է վերադարձել:

«Փարոսը» երգել է նաև հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոյի հետ: «Հովիկ Աբրահամյանը հրավիրեց մեզ Ազգային ժողով, որպեսզի դիմավորեինք Դոմինգոյին: Երբ նա այցելեց ԱԺ, մենք երգեցինք, նա ինձ հարցրեց՝ կարող ենք երգել իր համերգին կոնկրետ երգ: Վերցրեցինք նոտաները, ընդհամենը մեկ փորձ ունեցանք, այն էլ՝ առանց Դոմինգոյի»,-պատմում է Րաֆֆի Միքայելյանը:
Խումբը բաղկացած է ՀՀ բոլոր մարզերից 30 երգիչներից, որոնց մեծ մասը երաժշտական կրթություն չունի: Նրանք հնչյուն առ հնչյուն սովորում են երգը, հետո միացնում իրար: Վերջին տարիներին «Փարոսը» համալրել են հաշմանդամություն չունեցող մարդիկ, որովհետև «ինչպես հասարակության մեջ, այնպես էլ երգչախմբում նրանք պետք է լինեն կողք կողքի»:

19 տարիների ընթացքում երգչախմբի անդամները Հայաստանում բախվում են նույն դժվարության հետ. շատ վայրերում բացակայում են թեքահարթակները, և ամեն տեղ չէ, որ կարողանում են ելույթ ունենալ: «Հայաստանում ոչ բոլոր տեղերում կարող ենք երգել, հարմարությունների բացակայության պատճառով: Շատ հարմար է Կամերային երաժշտության տունը, որտեղ ոչ մի խնդիր չի առաջանում: Օպերային թատրոնն ու Արամ Խաչատրյան համերգասրահը ժամանակավոր թեքահարթակներ են տեղադրում անհրաժեշտության դեպքում: Հարմար է նաև Նարեկացի արվեստի միության վերելակը: Մենք չենք կարող ելույթ ունենալ, օրինակ,Առնո Բաբաջանյան համերգասրահում, Ազգային պատկերասրահում: Երբ Ավստրայում էինք, մեզ համար ամեն մի հարմարություն կար, մշակույթի բոլոր օջախները հասանելի էին»:

Կարևորագույն խնդիրներից մեկը «Փարոսի» համար կարգավիճակի հարցն է: Նրանք ունեն մի քանի հովանավորներ, սակայան չունեն պետական կարգավիճակ: «Մենք հուսով ենք, որ 2013 թ-ին մեր երգչախումբը կստանա պետական կարգավիճակ: Գոնե 20-ամյակի կապակցությամբ ստանանք»,-ասում է երգչախմբի ղեկավարը:






