AM
3 Դեկտեմբեր 2012 - 13:55 AMT

Վերաբացվեց Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը

Այսօր վերանորոգումից հետո կրկին իր դռները բացեց Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը: Շենքը կառուցվել է 1925-26 թթ-ի ընթացքում, Նիկողայոս Բունիաթյանի նախագծով: 1926 թ-ին Ալ. Սպենդիարյանին հատկացվել է շենքի բնակարաններից մեկը, որտեղ նա ապրել է մինչև կյանքի վերջը` 1928 թ-ը:

Տուն-թանգարանը բացվել է 1967 թ-ին և մեկ անգամ էր հիմնանորոգվել է: 2011 թ-ին նախագծային աշխատանքների համար տրամադրվել է 18 մլն դրամ, իսկ շինարարական աշխատանքների համար` 29 մլն 468 հազար դրամ: Վերանորոգվել է թանգարանի ամբողջ տարածքը:

«Տուն-թանգարանը հասարակությանը ներկայանում է ամբողջովին վերանորոգված, նոր ցուցադրությամբ, որը ներառում է հնի և նորի ներդաշնակությունը: Կարծում եմ, որ այսօր բոլորը համոզվեցին, որ մենք ունենք օրինակելի մի թանգարան, որն ամբողջ տարածաշրջանում եզակի է»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Թանգարանում ներկայացված են կոմպոզիտորի լուսանկարները, անձնական իրերը, կիրառվել են ժամանակակից տեխնոլոգիաներ` վիրտուալ ցուցադրություն, էլեկտրոնային ձայնադարան:

Թանգարանի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հայտնի երաժիշտներ և արվեստագետներ: