Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը համաձայնություն է ձեռք բերել ՀՀԿ խմբակցության հետ` 2008 թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ ներկայացրած որոշման նախագիծը նախագահական ընտրություններից հետո քննարկելու հարցում: Ըստ «168 ժամ»-ի` այս համաձայնությունն արդեն իսկ արժանացել է բազմաթիվ հակասական գնահատականների:
«Որքան էլ տհաճ ու հակամարդկային հնչի, Մարտի 1-ն իսկապես Կոնգրեսի համար դարձել է ներքաղաքական առևտրում օգտագործվող «խաղաքարտ»: Սկզբում ՀԱԿ-ը երկխոսում էր Մարտի 1-ի արդյունքում իշխանության եկած ուժերի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ, հետո սկսեց երկխոսել դրանցից միայն ԲՀԿ-ի հետ, ում ժամանակին մեղադրում էր Մարտի 1-ի սպանություններին մեղսակից լինելու մեջ: Ու արդեն կարևոր չէ` ՀԱԿ-ը Մարտի 1-ի թեմայով համաձայնության է գալիս ՀՀԿ-ի հետ` ընդդեմ ԲՀԿ-ի՞, թե՞ հակառակը: Կարևորն այն է, որ ՀԱԿ-ը վաղուց անցել է քաղաքական և բարոյական այն սահմանագիծը, որն անցնելով` 2008 թվականին իշխանությունը հրամայեց կրակել ժողովրդի վրա»,- գրում է «168 ժամ»-ը:






