«Հին Երևան» նախագիծը հուշարձան պահելու ձև չէ: Այդ մասին այսօր ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, ասաց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: «Իհարկե, դա չարյաց փոքրագույնն է. ավելի վատ է, երբ հուշարձանն ընդհանրապես քանդում և ոչնչացնում են: Բայց և այնպես «Հին Երևան» նախագծի իրականացումն ավելի շատ ստիպվածության խնդիր է: Հույս կա, որ գոնե այդ կերպ հնարավոր կլինի մայրաքաղաքի մի հատվածում ստեղծել հին Երևանի միջավայրը և դրա հետ մեկտեղ պահպանել հին ճարտարապետական հուշարձանները»,- նշեց նա` հավելելով, որ դեռևս չի պատկերացնում, թե ինչպես են այդքան շենքերը տեղավորվելու Գլխավոր պողոտայի հատվածներից մեկում:
«Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետը Լևոն Վարդանյանն է: Նախագծով նախատեսվում է ապամոնտաժել, Գլխավոր պողոտայի հատվածներից մեկում հավաքել Երևանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մի շարք շինություններ և ստեղծել հին Երևանին բնորոշ միջավայր:






