AM
4 Դեկտեմբեր 2012 - 08:30 AMT

Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը հնարավոր է՝ ունենա աուդիո տարբերակ

Նարեկացի արվեստի միությունում երեկ տեղի է ունեցել «ԱուդիոԳիրք» ընկերության հայ դասական գրականության ձայնագրությունների շնորհանդեսը:

Երիտասարդ հիմնադիրներից կազմված նորաստեղծ ընկերության նպատակն է հայ դասական գրականությունը առավել հասանելի ու մատչելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում: Գրական ստեղծագործությունները ձայնագրվում են նաև արևմտահայերենով՝ այդ կերպ փորձելով ոչ միայն ճանաչելի դարձնել հայ գրականությունը, այլ նաև պահպանել հայոց լեզուն: Աուդիոգրքի սպառողներն ի սկզբանե եղել են տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ, սակայն այսօր ողջ աշխարհում այն մեծ պահանջարկ է վայելում հասարակության գրեթե բոլոր շերտերում:

Շնորհանդեսի ընթացքում հիմնադիրները ներկայացրեցին «ԱուդիոԳիրք» նախագծի ստեղծման պատմությունը, կայքը, աշխատակազմին և արված աշխատանքները: Առայժմ ձայնագրում են ծավալով փոքր ստեղծագործություններ, իսկ առջևում` պատմավեպերն են: Շուտով համացանցում հասանելի կդառնան Ե. Օտյանի, Հ.Պարոնյանի, Մուրացանի որոշ ստեղծագործություններ և արդեն հնարավոր կլինի ներբեռնել, ասաց «ԱուդիոԳիրք» ընկերության հիմնադիր տնօրեն Բորիս Յացենկոն:

Շնորհանդեսի ավարտին Նարեկացի արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանը, շնորհավորելով «ԱուդիոԳրքի» երիտասարդ հիմնադիրներին, նրանց նվիրեց միության խորհրդանշական նվերները և առաջարկեց միասին ստեղծել Նարեկացու «Մատյան ողբերգության» գործի աուդիո տարբերակը: