ՀՀ ԱԳՆ շենքում հյուրանոցի ստեղծումը կխաթարի հրապարակի դերը` որպես վարչական կենտրոն: Այսօր ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: «Հանրապետության հրապարակն ի սկզբանե նախագծվել է որպես վարչական կենտրոն, և բոլորովին իմաստ չեմ տեսնում ԱԳՆ շենքի ֆունկցիոնալ փոփոխության մեջ»,- նշեց նա:
Անդրադառնալով մայրաքաղաքի նորակառույցներին` Մինասյանը նշեց, որ դրանք այժմ Երևանի դիմագծի մաս են կազմում:
«Չնայած դրան, այդ նորակառույցների պատճառով Երևանի տեսքը վերևից սոսկալի է, քաղաքի դեմքն աղճատվում է օր օրի:
Պատճառներից մեկը նորակառույցների շինարարության ժամանակ տարրական նորմերի պահպանության բացակայությունն է, ինչի վառ վկայությունը վերջերս Խանջյան փողոցում կիսակառույցի փլուզման դեպքն էր: Այնպիսի տպավորություն է, որ պաշտպանվում են միայն սեփականատերերի իրավունքները, մինչդեռ յուրաքանչյուր նոր շենք կառուցելիս պետք է հաշվի առնել և' այն միջավայրը, որում այն գտնվելու է, և' մայրաքաղաքի ճարտարապետական նորմերը, և' շատ ու շատ այլ հարցեր,- ասաց նա` ցավով փաստելով, որ նման հարցերում Հայաստանի Ճարտարապետների միությունը կարող է միայն կարծիք հայտնել և իրավասու չէ որևէ կերպ դրա դեմ պայքարել կամ կարգավորել այդ գործընթացը: « Այդ նպատակով այժմ մշակվում է հատուկ օրենք, որը դեռ պարզ չէ, թե երբ պատրաստ կլինի»:






