AM
4 December 2012 - 12:42 AMT

Բակո Սահակյանը կարևորում է ԼՂՀ քաղաքների միջև սերտ համագործակցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն հանրապետության շրջկենտրոնների և Ստեփանակերտի քաղաքապետների մասնակցությամբ:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հանրապետության քաղաքների նորմալ կենսագործունեության ապահովման, քաղաքապետարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, ուշադրություն է դարձվել կոմունալ տնտեսությունների գործունեության ճիշտ կազմակերպման վրա:

Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ներկաներին բարձրացված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու և իրավիճակը քաղաքներում բարելավելու ուղղությամբ: Միաժամանակ նախագահը կարևորել է բոլոր հարցերում քաղաքների միջև սերտ համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ հանրապետության իշխանությունները պատրաստ են ըստ ամենյանի աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:

Խորհրդակցությանը մասնակցում էր փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: