Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում Աբդուլլահ Գյուլի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Արաբական գարնան և սիրիական խնդրի հետ կապված տարաձայնությունները, այդուհանդերձ, հանգուցային խնդիրների շուրջ կողմերը չկարողացան հանգել վերջնական որոշումների: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցին:
«Ես կասեի, որքան էլ որ երկու երկրների նախագահների միջև հանդիպումներ կայանան, վերլուծվեն ռազմավարական խնդիրները և տնտեսական համագործակցության պլաններ կազմվեն, այդուհանդերձ, նրանք «աչք փակելու» գործընթաց են վարում»,-ասաց Լևոն Հովսեփյանը։
Ըստ թուրքագետի` Ռուսաստանը չի ցանկանա Թուրքիայի նման գործընկերոջը ձեռքից բաց թողնել։ Մինևնույն ժամանակ Լևոն Հովսեփյանը նկատեց, որ տարածաշրջանային հարցերում ամենաթեթև լարվածությունն էլ կարող է բերել ռուս-թուրքական բաց հակամարտության:
Ավելացնենք, որ դեկտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելեց Թուրքիա՝ մասնակցելու ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երրորդ նիստին:






