AM
6 Դեկտեմբեր 2012 - 06:02 AMT

«Ժողովուրդ». Կամ ՕԵԿ-ի առաջարկներն անպիտան են, կամ ՀՀԿ-ն արհամարում է նրանց

ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից 2013թ բյուջեի նախագծին ներկայացրած բոլոր առաջարկությունները ՀՀ կառավարությունը մերժել է: «Ժողովուրդ»-ը գրում է, որ դա չխանգարեց ՕԵԿ-ին, որպեսզի «կողմ» քվեարկի բյուջեի նախագծին (գոնե ձևի համար ձեռնպահ լինեին): Սա նշանակում է, որ կա՛մ նրանց առաջարկները անպիտան էին, կամ էլ ՀՀԿ-ն պարզապես արհամարհում է իր կոալիցիոն միակ գործընկերոջը:

ՕԵԿ-ն առաջարկել էր գործադիրին, որպեսզի խմբակցության փորձագետների աշխատավարձը հավասարեցնեն պատգամավորի վճարովի հիմունքներով աշխատող օգնականների աշխատավարձին` նրանց ընդգրկելով սոցիալական փաթեթի մեջ: Սակայն կառավարությունը պատասխանել է, որ ելնելով ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծից`այդ խնդիրը առաջնահերթ չէ:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե չի նեղացել ՕԵԿ-ը, որ այդքան մերժվել է, խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը պատասխանել է. «Խնդիրը նրա մեջ չէ, որ մենք մերժում ենք ստացել, որովհետև բյուջեում ընդգրկված են մի շարք ռազմավարական ուղղություններ, որոնք մեզ համար սկզբունքային են: Եվ այդ սկզբունքային մոտեցումները նաև մեր ծրագրերի մեջ են, և մենք կարևորում ենք, որ դրանք բյուջեի մեջ ֆիքսված են»: