Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր շատ դինամիկ է և արդյունավետ, իսկ ահա Ադրբեջանը ատելության մթնոլորտը ընդլայնում է, և դա վատ է անդրադառնում հենց Ադրբեջանի վրա: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: «Հայկական լոբբին համարվում է աշխարհում արդյունավետ լոբբինգներից մեկը: Սակայն եվրոպական երկրներում թուրքական և ադրբեջանական քաղաքականությունը նոր մոտեցում է որդեգրել: Թուրքերն ու ադրբեջանցիները շատանում են եվրոպական այն երկրներում, որտեղ հայերը շատ են»,- ասաց նա: Մհեր Շահգելդյանը նաև նկատեց, որ այսօր օրինակ Ֆրանսիան Հայաստանին դիտարկում է որպես մոտիկ գործընկեր, հատկապես, Ցեղասպանության ճանաչման և Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի առումով: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, նա ասաց, որ գնդակը Թուրքիայի դաշտում է:






