AM
6 December 2012 - 13:09 AMT

Կարեն Միրզոյան. ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին թույլ կտա հասնել հիմնահարցի կարգավորմանը

Միացյալ Նահանգներում գտնվող ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում անդրադարձել է բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությանը:

«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս ԼՂՀ` բանակցային գործընթացի բոլոր փուլերին լիարժեք մասնակցության օգտին: Դա մեր խորին համոզմունքն է, որը մենք չենք թաքցնում: Բազմիցս արտահայտվել է, որ Ղարաբաղի լիարժեք մասնակցությունը, լինի դա քննարկումներ, թե արդեն գործնական քայլերի մշակում և կիրառում, թույլ կտա նոր շունչ հաղորդել բանակցային գործընթացին և հասնել ի վերջո մեր բուն նպատակին` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը»,- ասել է Կարեն Միրզոյանը:

Նրա խոսքով ԼՂՀ իշխանությունը ստանձնում է պատասխանատվություն` լինել լուրջ զրուցակից միջազգային միջնորդների հետ. քննարկել, մշակել և գործադրել որոշումներ, որոնք ընդունելի կլինեն հակամարտության բոլոր կողմերի համար: