ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը և եվրոպական հարցերով Ֆրանսիայի նախարար Բեռնար Կազենևը Դուբլինում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում, հանդես են եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Օգտվելով Դուբլինում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից, մենք` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարներս, կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ցուցաբերել քաղաքական կամք, որն անհրաժեշտ է խաղաղ լուծման հասնելու համար: Ինչպես 2010-ի հունիսի 18-ին Լոս Կաբոսում հայտարարել են մեր երկրների նախագահները, կողմերը պետք է առաջնորդվեն Հելսիկյան սկզբունքներով, մասնավորապես, ուժի չկիրառմամբ կամ դրա կիրառման սպառնալիքի բացկայությամբ տարածքային ամբողջականությամբ, ժողովրդի ինքնորոշման իրավունքով, ինչպես նաև 2009-ին Ակվիլում և 2010-ին Մուսկոկում նախագահների հայտարարություններում ձևակերպված դրույթներով: Հիմնվելով 2011-ին Դովիլլում նախագահների հայտարարությունների վրա` կրկին կոչ ենք անում կողմերին որոշիչ քայլեր ձեռնարկել` խաղաղ լուծման հասնելու համար:
Ցավում ենք, որ հակամարտությունն արագ կարգավորելու վերաբերյալ սպասումները, որոնք ծնվել էին 2012-ի հունվարին Սոչիում Հայստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության ընդունումից հետո, չարդարացան: Ավելին, կողմերը բանակցությունների ընթացքում մտածում էին միակողմանի առավելությունների մասին, փոխանակ փոխըմբռնման վրա հիմնված լուծման ուղիներ փնտրելու: Վերջին ամիսներին շփման գծում լուրջ միջադեպերի քանակության նվազումը ճանաչելով` մենք հիշեցնում ենք հետագայում ևս հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև այն մասին, որ ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնում հակամարտության լուծման: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք հանգեցնում են ատելության և լարվածության ավելացման: Կողմերի առաջնորդները պետք է նախապատրաստեն իրենց ժողովուրդներին, որ մի օր նրանք կրկին ապրելու են որպես հարևաններ, այլ ոչ թե որպես թշնամիներ, հարգելու են միմյանց մշակույթները, պատմությունը և ավանդույթները:
Կոչ ենք անում կողմերին մեծ կայունություն դրսևորել` խաղաղության հասնելու հարցում, և համանախագահների հետ աշխատել միջնորդների` նոյեմբերին տարածաշրջան կատարած այցի արդյունքում առաջարկված գաղափարների շուրջ: Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեւջանի ԱԳ նախարարների` 2013-ի սկզբին համանախագահների ներկայությամբ հանդիպելու և առաջարկները քննարկելու պատրաստակամությունը: Մեր երկրները պատրաստ են անել իրենցից կախված ամեն բան, որպեսզի օգնեն կողմերին, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատվությունը նրանց վրա է»: