AM
7 December 2012 - 08:07 AMT

Խաբարովսկի գիտական գրադարանում տեղի կունենա Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի երեկո

Այսօր Խաբարովսկի Հեռավորարևելյան գիտական գրադարանում Խաբարովսկի երկրամասի Ժողովուրդների վեհաժողովը և Ռուսաստանի Հայերի միությունը կմասնակցեն 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված երեկոյի:

Կցուցադրվի փաստագրական ֆիլմ: Ինչպես հաղորդում է «Վոստոկ մեդիան», ժամը 19:30-ին Աստվածածնի վերափոխման տաճարում տեղի կունենա երկրաշարժի զոհերի հոգեհանգստի արարողություն:

Այսօր` դեկտեմբերի 7-ին, լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 24-րդ տարելիցը:

1988 թ-ին այս օրը տեղի ունեցած հզոր երկրաշարժն ավերիչ հարված հասցրեց հանրապետության հյուսիս-արևմտյան շրջաններին: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմում էր 10 բալ: Պաշտոնական տվյալներով, երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, անօթևան մնաց 530 000 բնակիչ:

Նալբանդ գյուղը հիմնահատակ ավերվեց, հիմնովին ավերվեց Սպիտակը, Գյումրու (Լենինական) շենքերի 80 տոկոսը: Սպիտակի երկրաշարժը XX դարի ամենաավերիչ երկրաշարժերից մեկը դարձավ:

Ըստ պաշտոնական տվյալների, այսօր՝ երկրաշարժից 24 տարի անց, դեռևս 4500 ընտանիք շարունակում է մնալ անօթևանի կարգավիճակում: