AM
7 Դեկտեմբեր 2012 - 08:24 AMT

Քաղաքագետը ԵԱՀԿ ԱԳՆԽ-ում Մամեդյարովի ելույթի մասին. Ադրբեջանի ԱԳ նախարարը հաջող լսարան չէր ընտրել

Դուբլինում անցկացվող ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարաների խորհրդի 19-րդ նիստի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելությում նախաբանի նման մի բան կար, որտեղ Ադրբեջանի ԱԳ նախարարը Արցախից Հայաստանի բանակը դուրս բերելու միտք հնչեցրեց: Ելույթից պարզվեց, որ Բաքուն «հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունները շուտափույթ կերպով վերսկսելու հարցում»: Այն, որ Մամեդյարովի ելույթը որևէ առնչություն չունի իր պետության վարած քաղաքականության և քայլերի հետ, ակնհայտ է: Ըստ քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանի՝ նման հայտարարություններն, ուղղակի, միտված են արտաքին աշխարհին ցույց տալու, որ Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ լուծմանը:

«Սակայն Մամեդյարովը հաջող լսարան չէր ընտրել: Ով ով, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները բավական լավ ծանոթ են ամբողջ գործընթացին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Լևոն Մելիք-Շահնազարյանը ողջունում է, որ մեր երկրի նախագահն ու արտգործանախարարը հրաժարվում են հանդիպել Ադրբեջանի իրենց գործընկերների հետ: «Մենք իրենց հետ, այլևս, անելիք և ասելիք չունենք: Հարցը այն քաղաքականության մեջ է, որ վարում է Ադրբեջանը՝ արդեն ոչ միայն հայկական պետությունների, այլև ամբողջ աշխարհի հայ ժողովրդի դեմ: Թշնամական վերաբերմունք է, որը չի կարելի ընդունել և լռել: Ադրբեջանն արդեն փորձում է խփել ամբողջ հայ ազգի հիմքին և կոտրել մեր ազգի վարկանիշը»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը նաև նկատեց, որ այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանը և այն ատելությունը, որ սերմանում է իր ժողովրդի մեջ, ցույց է տալիս մի բան՝ առաջիկա տարիներին, անգամ, որևէ խաղաղության մասին խոսք լինել չի կարող: «Աշխարհը, առավել ևս հայ ժողովուրդը, պետք է առաջին հերթին հասկանա մեկ բան՝ խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, եթե մեր միջև սահման լինի »,- եզրափակեց նա: