AM
11 Դեկտեմբեր 2012 - 06:17 AMT

Հենրիխ Մխիթարյան. Շատ հաճելի է լինել ՉԼ գոլի հեղինակ դարձած հայ առաջին ֆուտբոլիստը

Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Երևան է ժամանել մի քանի օր առաջ, խոստովանել է, որ ժամանակի մեծ մասն անցկացնում է հարազատների և բարեկամների հետ: Նա խոսել է նաև իր ակումբի հաջող ելույթների մասին Չեմպիոնների լիգայում:

«Չէի մտածում այն մասին, որ պետք է առաջինը գոլ խփեմ Չեմպիոնների լիգայում, սակայն մյուս կողմից շատ հաճելի է լինել ՉԼ գոլի հեղինակ դարձած հայ առաջին ֆուտբոլիստը: Հույս ունեմ, որ կկարողանամ էլի գոլեր խփել, որպեսզի բարձր պահեմ Հայաստանի պատիվը»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ֆուտբոլիստը:

Մխիթարյանը նշել է, որ եթե ՉԼ փլեյ-օֆֆ փուլում իրենց բաժին ընկնի «Բարսելոնան», միևնույն է նրանք պետք է դուրս գան խաղադաշտ և ցույց տան իրենց հզորությունը:

Ուկրաինայի առաջնությունում այս տարի Մխիթարյանը դարձել է 18 գոլի հեղինակ, և ընդամենը 5 գոլ է պակասում` պատմության մեջ լավագույն ռմբարկուի ռեկորդը գերազանցելու համար. «Ես աշխատում եմ չկենտրոնանալ իմ խփած գոլերի վրա և չմտածել ռեկորդի մասին: Ավելի շատ փորձում եմ լավ խաղալ, թիմին օգուտ տալ և եթե կարողանամ օգտագործել իմ հնարավորությունները, կկարողանամ գերազանցել 22 գոլի սահմանը»,- ասել է նա: