AM
11 Դեկտեմբեր 2012 - 09:04 AMT

Տեղափոխվող հուշարձանների հարցը հասարական քննարկման խնդիր չէ

ՀՀ մարզերից Երևան տեղափոխվող հուշարձանների հարցը հասարական քննարկման խնդիր չէ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Նրա խոսքով` հուշարձանների տեղափոխումն ունի գիտական հիմանվորում և վերաբերում է դրանց պահպանության ոլորտին: Ինչ վերաբերվում է հուշարձանները Երևանում 4 տարի պահելու խնդրին, ապա, ըստ Աբրոյանի, դա նորմալ ժամանակահատված է: Նա նշեց, որ 51 բեկորներից 41-ը ոչ մի կարգավիճակ չունեն, որովհետև ոչ մի տեղ հաշվառված չեն. «Այս գործընթացը շատ համոզիչ է և գիտական նախաձեռնություն է, այսինքն գիտենք, որ դրանք փրկված են»,- ասաց Աբրոյանը:

Ասուլիսին ներկա ակտիվիստները, որոնք դեմ են հուշարձանները մայրաքաղաք տեղափոխելուն, պնդեցին, որ դա հանրային քննարկման հարց է և պետք էր համաձայնեցնել քաղաքացիների հետ: Ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը որպես լավագույն օրինակ բերեց Տիգրանակերտը, որտեղ հենց հուշարձանի կողքը ստեղծվել է թանգարան և որտեղ պահվում են թանկարժեք իրերը: