AM
11 Դեկտեմբեր 2012 - 11:38 AMT

Եզրափակվում են հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումները

Դեկտեմբերի 12-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կբացվի «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով ցուցահանդեսը,որը հայաստանյան 5 խոշոր մշակութային կառույցների՝ Թումանյանի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի և Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ նախագիծն է: Ցուցահանդեսը եզրափակում է հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումները, որոնք անցկացվեցին 2011-ի դեկտեմբերից սկսած առ այսօր՝ ամբողջ աշխարհում: Այն նվիրված է հայ գրքի գեղարվեստական ձևավորման ավանդույթներին, հայկական միջավայրում զարգացած ընթերցանության պատմությանը և ներկայացնում է 19-րդ դարի վերջերից մինչև 20-րդ դարի 70-ականներն ընկած ժամանակահատվածի պատմությունն ու այդ ընթացքում ստեղծված արժեքավոր ցուցանմուշները: Նկարիչների այս ինքնատիպ համագործակցությունը գրքի և ընթերցանության նոր մշակույթի հետ կազմում է ցուցահանդեսի բուն թեման: Ցուցադրությունը կազմված է 4 բաժիններից: Առաջինը ներկայացնելու է 19-րդ դարի հայ գրքարտադրության կենտրոններն ու ժամանակի գրքի նկարազարդման նմուշները: Երկրորդը՝ 20-րդ դարի նոր գեղարվեստական հոսանքները և հայ գրքի ձևավորումն այդ ժամանակշրջանում: Երրորդում ներկայացվելու է գրքարտադրության մենաշնորհի շրջանը Խորհրդային Հայաստանում և վերջապես չորրորդում ՝ երգիծանքն ու գրաֆիկան հետպատերազմյան շրջանում: Ցուցահանդեսի արժեքավոր ցուցանմուշների թվում են լինելու Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Փանոս Թերլեմեզյանի, Գրիգոր Խանջյանի ՝ գրական ստեղծագործությունների նկարազարդումները: