Թբիլիսիում աշխատանքներ են տարվում հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի բնակարանի երկրորդ մասը գնելու համար: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Բնակարանի մյուս մասը պատկանում է գրողի ծոռնուհուն` Ալյոնա Կոլեսնիկովային, ով համաձայնվել է վաճառել իր բաժինը` այն հայկական կենտրոն ստեղծելու պայմանով:
Չիդիլյանն ասաց, որ արդեն համաձայնություն կա, մի քանի ֆինանսավորողների հետ: Բնակարանի երկրորդ մասը գնելուց հետո կսկսվեն տան վերանորոգման աշխատանքները, որից հետո այնտեղ կգործի «Վերնատուն» ստեղծագործական միությունը: Այդտեղ կգործեն նաև մի քանի հայկական միություններ, կկազմակերպվեն միջոցառումներ:
Նշենք, որ Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը գտնվում է Դավիթաշվիլու 18 հասցեում, որտեղ Թումանյանն ապրել է 1909-1923 թթ-ը, իսկ 1952 թ-ին տան իրերը տեղափոխվել են Երևան: 6 սենյակներից 4-ը վերածվել էին գրադարանի, իսկ մյուս 2-ը` մնացել գրողի ժառանգներին: Անկախացումից հետո Վրաստանն այն «պահպանելու համար» պարտք է վերցրել Լեժավա ազգանունով մեծահարուստից, և այն չի մարել, այդ պատճառով պարտքերի դիմաց տունն անցել է նրան: Դեռ 2004 թ-ին Լեժավան առաջարկել է վաճառել այն ընդամենը 25 հազար դոլարով:
Լուրեր էին պտտվում, որ բնակարանը ցանկանում է գնել Turan Georgia դիզայներական ընկերությունն իր բանվորների համար: Մամուլում և սոցիալական ցանցերում հարցը լայն արձագանք ստացավ, որից հետո բնակարանը գնեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով այն տվեց Գրողների միությանը: ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանն էլ տան բանալիները հանձնեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:






