Այսօր հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին և նրա կնոջը հանձնվել է Հայաստանի Հանրապետության անձնագիր: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից: Անձնագիրը տրվել է Հայաստանի նախագահի հրամանով: Այն ռեժիսորին հանձնել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թ փետրվարի 22 –ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1963թ-ից 1967-ը սովորել է ՎԳԻԿ-ում: Դեռ ուսանողական տարիներին` 1964-ին նա Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում նկարահանեց առաջին ֆիլմը` «Լեռնային պարեկը»։
Այնուհետև «Հայֆիլմ» կինոստուդիայում և «Երևան» ստուդիայում նկարահանեց «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967), «Երկրաբնակները» (1970), «Մենք» (1969), «Տարվա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982), «Վերջ» (1992) ֆիլմերը։ 1978-ին Միխալկով-Կանչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմի վավերագրական մասը նույնպես ինքը նկարահանեց:
Արտավազդ Փելեշյանը 1974-ին հրատարակել է «Տարածական մոնտաժ» գիրքը, որը դասագիրք է դարձել բուհերի ուսանողների համար, իսկ 1988-ին ռուսերենով լույս է տեսել «Իմ կինոն»:
Միջազգային մամուլը և հանրաճանաչ գործիչները նրան համարել են մեր ժամանակների ամենատաղանդավոր կինոռեժիսորներից մեկը` գրելով «Մոնտաժի նոր սկզբունքները Փելեշյանը մշակել է Ֆրեյդի և Պավլովի հոգեբանության և Նիլս Բորի քվանտային մեխանիկայի տեսության տպավորության տակ»: Այժմ Փելեշյանն ապրում է Կանադայում:






