Գործող նախագահ Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից կունենա, թե ոչ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը դժվարանում է ասել: Ըստ նրա, այդպես կլիներ, եթե ընդդիմությունը միասնական թեկնածու ունենար: Այժմ, Սուրեն Աբրահամյանը կարծում է, որ ժամանակը սուղ է և նման գործընթացն անհնար է:
«Միասնական թեկնածուն ինձ համար անհասկանալի է: Կարծեմ, մի քանի միասնական թեկնածու ունեն արդեն»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցին՝ Սուրեն Աբրահամյանն ասաց, որ չնայած Տեր-Պետրոսյանը խոսքի հզոր ուժ ունի, բայց ժողովրդի մեջ որոշակի հիասթափություն կա: «Այն երևելի օրերը նորից չեն կրկնվի և այդ թափը նա չի հավաքի»,- ասաց բանախոսը:






