AM
13 Դեկտեմբեր 2012 - 11:31 AMT

Ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձևաչափը հայտնի կլինի 10 օրից

ՀՅԴ-ն կարծում է, որ ՀՀ խնդիրները պետք է լուծեն հայաստանյան կուսակցությունները: Ըստ ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանի՝ իրենց կուսակցության համար կարևոր չի եղել և չի լինելու, թե ինչ դիրքորոշումներ ունեն Մոսկվան, Բրյուսելը կամ Վաշինգտոնը` նախագահական ընտրությունների հետ կապված: Այդ մասին ՀՅԴ ներկայացուցիչն ասաց այսօր՝ «Նախընտրական դաշինքներ. ով ում է սատարում» թեմայով քննարկման ժամանակ:

Արսեն Համբարձումյանը նաև նշեց, որ նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ-ն ներկայացրել է իր քաղաքական օրակարգը, որն, ըստ նրա, պետք է լինի ոչ միայն ընդդիմության, այլև քաղաքական դաշտում դերակատարում ունեցող բոլոր ուժերի օրակարգը: «Երբ չի լինում ծրագրային պայքար, քաղաքական ուժերը սկսում են անձնավորված պայքար մղել. մենք մերժում ենք այդ մոտեցումները»,-նկատեց նա:

Նա նաև հայտնեց, որ մեկ շաբաթ կամ 10 օր հետո ՀՅԴ-ն կհայտնի ընտրություններին իր մասնակցության ձևաչաձը: