AM
13 Դեկտեմբեր 2012 - 11:33 AMT

Ամանորյա մշակութային ծրագրի համար հատկացվել է 14 մլն դրամ

Ամանորյա մշակութային ծրագրի համար քաղաքապետարանը 14 մլն դրամ է հատկացրել: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը: «Կա նաև գործընկերների ֆինանսական աջակցությունը, բայց այդքանը հատկացվել է Երևանի քաղաքապետարանի բյուջեից: Ամանորյա մշակութային ծրագրի շրջանակում դեկտեմբերի 20-ին տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը: Այն կկատարի երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որից հետո տեղի կունենա 1-1,5 ժամ տևողությամբ տոնական երաժշտական ծրագիր, որին կմասնակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, JAZZLE խումբը և այլն: Կլինի նաև փոքրիկ հրավառություն»,- նշեց նա՝ հավելելով, որ նույն օրը կվառվեն նաև Ազատության և Հանրապետության հրապարակներում տեղադրված լուսադիոդային շատրվանները, որոնցից Հանրապետության հրապարակի շատրվանը 8 մետր բարձրություն ունի և աննախադեպ երևույթ է Երևանի համար:

Սուքիասյանը տեղեկացրեց, որ այդ համերգին անհատ կատարողներ չեն լինելու. Նրանք հանդես կգան դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ին մեկնարկող տոնական համերգային ծրագրի շրջանակում, որը կտևի մինչև հունվարի 1-ի ժամը 2:00-ը: «Մինչև այդ ժամը կաշխատի նաև Երևանի մետրոպոլիտենը, ինչպես նաև երթուղային տաքսիներն ու ավտոբուսները: Բոլոր հարթակներում կհերթապահեն հրշեջ, շտապօգնության և ոստիկանության ծառայությունները: Վերջում սպասվում է ճոխ հրավառություն»,- ասաց քաղաքապետի խորհրդականը:

Նա տեղեկացրեց, որ բեմահարթակները լինելու են Ազատության և Հանրապետության հրապարակներում: «Ընդ որում Ազատության հրապարակը հետաքրքիր է լինելու հատկապես մանուկների համար, որտեղ դեկտեմբերի 22-ից հունվարի 11-ը կանցկացվեն խաղեր, կլինեն լաբիրինթոսներ և այլ զվարճանքներ: Իսկ հունվարի 5-ին հրապարակը լիովին երեխաների տրամադրության կլինի. Երևանի թատրոնները հանդես կգան բացօթյա մանկական ներկայացումներով: Իսկ հունվարի 6-ին օրհնության խոսքով հանդես կգա, հավանաբար, Երևանի Ս.Սարգիս եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Շահե քահանան, որից հետո ելույթ կունենան մի շարք ազգագրական խմբեր և պարախմբեր: Այդ օրվա համար ազգային և հոգևոր նշանակության ծրագիր է մշակվել: Հունվարի 13-ը՝ Հին Նոր տարին Ազատության հրապարակում կամփոփվի համերգային մեծ ծրագրով և հրավառությամբ»,- նշեց նա:

Սուքիասյանի խոսքով, Հայաստանի 12 վարչական շրջաններում նույնպես առանձին տոնածառներ են տեղադրում խոշոր քաղաքների գլխավոր հրապարակներում և բակերում. կլինեն փոքրիկ հանդիսություններ, Ձմեռ պապ և Ձյունանուշ, ինչպես նաևր անակնկալներ երեխաների համար: