AM
13 Դեկտեմբեր 2012 - 12:34 AMT

Գրքի թվայնացումը սփյուռքում կնպաստի հայապահպանությանը,գտնում է ֆրանսահայ մասնագետը

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Գրության, ընթերցանության և տպագրության նոր կիրառությունը թվային դարաշրջանում» թեմայով կլոր սեղան, որը կազմակերպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը: Այն իրականացավ Երևանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման միջոցառումների շրջանակում:

Ներկաներին ողջունեց Ֆրանսիայի դեսպանի մշակութային գծով խորհրդական Ժան Միշել Գասպարյանը, ով նշեց, որ միջոցառման նպատակն է ցույց տալ գրքի թվայնացման կարևորությունը, ինչպես նաև փորձի փոխանակումը:

Այս կապակցությամբ Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ազգային գրադարանի աշխատակից Միքայել Նշանյանը: «Ես կարծում եմ, որ գրականության թվայնացումը կարող է մեծ դեր խաղալ սփյուռքում հայապահպանության գործում, հատկապես լեզվի վերացումը կանխելու համար: Համացանցը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր անկյուններում ցանկացած բանի մասին պատասխան ստանալ»,-ասաց Նշանյանը: Ֆրանսահայ մասնագետը լավատեսորեն է մոտենում գրքերի թվայնացմանը, և կարծում է, որ տպագիր գիրքը դեռ երկար կծառայի մարդկությանը:

Կլոր սեղանին մասնակցեց նաև Փարիզի համալսարաններից մեկի պրոֆեսոր Նորա Սեմին, որը խոսեց թվային գրքի տարածման իր փորձի մասին: