Դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա ամանորյա սիմֆո-ջազ համերգ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Վահագն Հայրապետյանը, համերգի ժամանակ իր հետ ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Արմեն Հյուսնունց): «Համերգի ժամանակ կհնչեն տոնական ստեղծագործություններ` նվիրված Ամանորին և Սուրբ Ծնունդին: Ընդգրկված են ինչպես դասական, սիմֆոնիկ, այնպես էլ ջազային կատարումներ»,- նշեց նա` հավելելով, որ ծրագրում ընդգրկված կլինեն 16-18 ստեղծագործություններ, և համերգը կտևի մոտ ժամուկես:






