Երևանում աշխատանքն է սկսել ՀՀԿ 14-րդ համագումարը: ՀՀԿ տասնչորսերորդ համագումարի պատվիրակներին իր ուղերձով է դիմել «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության վարչապետ պարոն Դմիտրի Մեդվեդևը:
Նա ընդծել է, որ իշխող կուսակցության համագումարը կարևոր հասարակաքաղաքական իրադարձություն է, որի որոշումները ուղղակի ազդեցություն կունենան երկրի ապագայի, հետևաբար նաև ռազմավարական գործընկերության բնույթ կրող հայ-ռուսական հարաբերությունների վրա:
«Այդ համագործակցության մեջ նշանակալի ներդրում ունի «Միասնական Ռուսաստան» և Հայաստանի Հանրապետական կուսակցության արգասաբեր համագործակցությունը, այն կուսակցությունների, որոնք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել են իրենց քաղաքացիների մեծամասնության աջակցությունը» – ընդգծել է ՌԴ վարչապետը:
«Վստահ եմ, որ միջկուսակցական բովանդակային երկխոսությունը ապագայում ևս կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը:
Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք, խաղաղություն և բարգավաճում» – եզրափակել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:
Դմիտրի Մեդվեդևի ուղերձը ընթերցեց «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ, բևեռախույզ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Խորհրդային Միության հերոս Արթուր Չիլինգարովը:






