Ֆրանսահայ ջազ երաժիշտ Անդրե Մանուկյանը 3 ձայնասկավառակ է թողարկել, և 4-րդը նախատեսում է նվիրել հայ երաժշտությանը: «Ցանկանում եմ օգտագործել հայկական ռիթմերը, պարեղանակները, հատկապես քոչարին», այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երաժիշտը:
Մանուկյանն իր քառյակով ելույթ է ունենալու վաղը` Արամ Խաչատրյան համերգասրահում:
Նա նաև կարծում է, որ հայկական ազգային երաժշտությունը կարող է յուրօրինակ պատուհան դառնալ էթնո-ջազի զարգացման գործում: «Ջազն առաջացել է ԱՄՆ-ում 20 –րդ դարում, սակայան այն շարունակվում է արևելքում»:
Երևանյան համերգում հնչելու է նաև դուդուկ: Նրա խոսքով, դա չի լինի հայկական երաժշտության համերգ, բայց նաև ջազ էլ չի լինի: «Ամեն մեկը կգտնի իր համար այն, ինչ ցանկանա»,-ասաց նա:
Համերգը կազմակերպել են «ՄԵՑՑՈ Պրոդաքշնը» և «Նուռ Քարտը»` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարձր հովանու ներքո:
Անդրե Մանուկյանը ծնվել է 1957թ. Լիոնում: Դաշնամուր է նվագում 7 տարեկանից, ավարտել է Բերքլիի (Բոստոն) երաժշտական քոլեջը: Ավելի ուշ Ֆրանսիայում հիմնել է Horn Stuff ջազ-բենդը: Լիանա Ֆոլյայի և Մալյայի հիթերի հեղինակ է, ինչպես նաև Շառլ Ազնավուրի և Ժիլբեր Բեկոյի ալբոմների պրոդյուսեր է, զբաղվում է նաև գործիքավորմամբ: