Հայաստանը դեռ չի որոշել, կմասնակցի Հայաստանը 2013 թ-ին Բաքվում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի նիստին, թե՝ ոչ: Այս մասին այսօր մշակույթի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
Յուրաքանչյուր տարի նիստն անցկացվում է 6 աշխարհագրական գոտիներից մեկում: 2013 թ-ին այն պետք է անցկացվի Արևելյան Եվրոպայում: Կոմիտեի անդամ երկրներից միայն Ադրբեջանն է հայտ ներկայացրել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր» էպոսն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում: Որոշումն ընդունվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, որտեղ ն ընթանում էր ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը:
Այս կապակցությամբ Հայաստանից Փարիզ էին մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովի առաջին քարտուղար Քրիստինե Մեհրաբեկյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
2006 թ. մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց 2003 թ. հոկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան: Վերոնշյալ կոնվենցիաով նախատեսվում է, որ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ, այդ թվում նաև ընդունեն անհրաժեշտ իրավական ակտեր: