AM
17 Դեկտեմբեր 2012 - 12:32 AMT

Թուրքիան փորձել է խոչընդոտել «Սասնա ծռեր» էպոսը ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչելուն

Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստում փորձել է խոչընդոտել «Սասնա ծռեր» էպոսը ոչ նյութական ժառանգության ցուցակում ընդգրկելու հարցում, սակայն դրանք տեղ չեն գտել քննարկումներում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան հարց է բարձրացրել, մասնավորապես «Սասուն» տեղանվան հետ կապված, սակայն նշվել է, որ երբ ստեղծվել է էպոսը, նույնիսկ Օսմանյան կայսրություն չի եղել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր» էպոսն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում: Որոշումն ընդունվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, որտեղ ն ընթանում էր ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը:

Այս կապակցությամբ Հայաստանից Փարիզ էին մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովի առաջին քարտուղար Քրիստինե Մեհրաբեկյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

2006 թ. մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց 2003 թ. հոկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան: Վերոնշյալ կոնվենցիաով նախատեսվում է, որ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ, այդ թվում նաև ընդունեն անհրաժեշտ իրավական ակտեր: