Դեկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հայ գրատպության 500-ամյակին նվիրված համերգային երեկո: Համերգը կկայանա «ՉուխաջյանՖԵՍՏ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում:
Հանդիսատեսին կներկայացվի Ռուբեն Ալթունյանի «Մատյան ողբերգության» բալետ-օրատորիան` գրված ըստ Գրիգոր Նարեկացու համանուն աղոթագրքի:
Ինչպես հայտնում են փառատոնի կազմակերպիչները, ելույթ կունենան ասմունքող, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը և Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը (գլխավոր խմբավար` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան, երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան): Որպես մենակատարներ ելույթ կունենան Լիպարիտ Ավետիսյանը (տենոր) և Հովհաննես Ներսիսյանը (բաս): Համերգի դիրիժորն է Կարեն Դուրգարյանը:
Հիշեցնենք, որ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը անցկացվում է 2010թ-ից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:Փառատոնի առաջին համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: 2012թ-ին Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված է հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին և կրում է «ՉուխաջյանՖԵՍՏ» անունը: Այն նվիրված է նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 80-ամյակին: Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 19-ին: