AM
18 Դեկտեմբեր 2012 - 09:02 AMT

Հայաստանում կազմակերպվելու է Ընթերցման օլիմպիադա. հաղթողը կմեկնի Ֆլորենցիա

«Երևանը 2012 թ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելու կապակցությամբ Հայաստանում կազմակերպվում է Ընթերցման օլիմպիադա: Այն տեղի է ունենում ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ, «Անտարես» հրատարակչության և Dasaran.am-ի աջակցությամբ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով` այն կազմակերպելու համար մեծ աշխատանք է կատարվել, հստակ ընտրվել են չափանիշները:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ անհրաժեշտ է զարգացնել ընթերցանության մշակույթը, քանի որ դրա ճգնաժամը նկատվում է ողջ աշխարհում: Օլիմպիադան էլ կծառայի այն զարգացնելու համար:

Օլիմպիադան անցկացվելու է 3 փուլով. դպրոցական, մարզային և հանրապետական: Մասնակցելու են 6-րդ դասարանի աշակերտները: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դա եկել է գերմանական մոդելից, որի համաձայն հենց այդ շրջանում է երեխայի մոտ ձևավորվում ընթերցանության մշակույթը:

Առաջին փուլում երեխան ժյուրիի ներկայությամբ ընթերցելու է հատված իր ընտրած ստեղծագործությունից: Երկրորդ փուլ անցած աշակերտներն ընթերցելու են ժյուրիի ընտրած գիրքը: Դպրոցական փուլ հաղթահարած աշակերտին կապահովագրի «Ռեսո» ապահովագրական ընկերությունը, մարզային փուլ հաղթահարածը` կստանա ապահովագրական ընտանեկան փաթեթ:

Հաղթած աշակերտի դպրոցը Ucom-ը ապահովելու է ինտերնետով, համակարգիչներով:

Օլիմպիադայի հաղթողն իր ծնողի հետ կմեկնի Ֆլորենցիա: