Արցախում պատերազմի հավանականությունն այնքան էլ մեծ չէ, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է պատրաստ լինենք պատերազմի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա հիշեցրեց ադրբեջանական կողմի սպառազինումը, ռազմատենչ հայտարարություններն ու հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները:
«Մենք պետք է պատրաստ լինենք: Դա ավելի կնվազեցնի պատերազմի հավանականությունը: Այս հարցում կարևոր դերակատարություն ունի մեր ռազմավարական դաշինքը Ռուսաստանի և ՀԱՊԿ հետ»,- ասաց Կիրո Մանոյանը: Նա նկատեց, որ Ադրբեջանը չի ցանկանում պատերազմի վերսկում: Ինչ վերաբերում է Թուրքիայի հնարավոր հարձակումներին, ապա, ըստ Մանոյանի, Թուրքիան պատերազմ չի սկսի Հայաստանի դեմ: «Ասել, որ Թուրքիան թույլ պետություն է՝ ճիշտ չէ: Բայց ասել, որ շատ ուժեղ է և ուժեղանում է՝ դարձյալ ճիշտ չէ»,- ասաց նա:






