AM
19 December 2012 - 10:46 AMT

«ՉուխաջյանՖԵՍՏ»-ը կփակվի դեկտեմբերի 21-ին՝ գալա համերգով

Դեկտեմբերի 21-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «ՉուխաջյանՖԵՍՏ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և գալա համերգը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսին կներկայացնի ժամանակակից կոմպոզիտորներ Արթուր Ահարոնյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Արմեն Սմբատյանի, Գարեգին Գրիգորյանի և Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործություններից: Երեկոյի ընթացքում դիրիժորական վահանակի մոտ կլինի նաև Հայկ Դավթյանը: Համերգի մենակատարներն են ջութակահարներ Հայկ Դավթյանը և Ռազմիկ Հովհաննիսյանը:

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է 2010-ից` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը, հաղորդում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը: