Հունիսի 17-ին Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է մաքսանենգության փորձ: Երեւան-Ստամբուլ չվերթի ուղեւոր` Թուրքիայի քաղաքացի Եկաթան Թուրքիլմազի ուղեբեռում հայտնաբերվել եւ առգրավվել է պատմական արժեք ներկայացնող 17-20-րդ դարերի մեծ քանակության գրականություն, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ուղեւորը փորձել է դուրս բերել գրքերը` շրջանցելով մաքսային հսկողությունը: Եկաթան Թուրքիլմազը Ստամբուլի քաղաքացի է եւ Հյուսիսային Կարոլինայի «Դյուկ» համալսարանի ուսանող: Նրա «հետաքրքրությունը» Հայաստանի մշակույթի նկատմամբ բազմազան է: Նա փորձել է դուրս բերել բժշկական եւ կրոնական գրականություն, ինչպես նաեւ պատմության, աշխարհագրության, Հայաստանի ավանդական կուսակցությունների կայացման մասին գրքեր: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԱԾ մամուլի ծառայությունում, տվյալ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: