AM
19 Դեկտեմբեր 2012 - 15:58 AMT

«Շնորհավոր Ամանոր, մայրեր»` թեթև ընտանեկան ֆիլմ Նոր տարվա տոներին

Երեկ Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերան, որտեղ էպիզոդիկ դեր է ունեցել նաև աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը:

Ֆիլմում ներկայացված է մի քանի մայրերի պատմություն, որոնցից յուրաքանչյուրը նկարել է մեկ ռեժիսոր, սակայն այն ստացվել է ամբողջական և հետաքրքիր:

Ֆիլմի պրեմիերային Հայաստան էին ժամանել Ալեն Դելոնը, ռուս դերասաններ Իրինա Ռոզանովան և Կոնստանտին Կրյուկովը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք կիսվեցին իրենց մտքերով, հույզերով: Պարզվեց` երեք դերասաններն էլ խորը ցավ են ապրում: Ալեն Դելոնը խոստովանեց, որ ամեն օր մտածում է մոր մասին, և իր գրպանում միշտ կրում է նրա նվիրած խաչը: Նա նաև գտնում է, որ իր հաջողության համար պարտական է նրան:

Իրինա Ռոզանովան նույնպես խոստովանեց, որ իր մայրը վատառողջ է, ինչպես իր մարմնավորած հերոսուհին: Դերասանուհու մայրը միշտ երազել է գալ Փարիզ և հանդիպել Դելոնին: Նա իրականացրել է մոր երազանքը նկարահանման հրապարակում: Չի բացառվում, որ այդ է պատճառը, որ նրանց պարը, ֆիլմում, ստացվել է շատ գեղեցիկ և հուզիչ:

Կոնստանտին Կրյուկովի համար մոր թեման ծանր է, քանի որ նա մայրը կյանքից հեռացել է մի քանի տարի առաջ: Նա նույնպես շատ է կարևորում այդ թեման:

Ֆիլմում հանդիսատեսն ականատես կլինի տարբեր խավի մարդկանց ճակատագրերի, սակայն կհասկանա, որ իրականում, բոլոր մայրերն էլ նույնն են:

Ֆիլմը զուրկ է սև հումորից, չկան գռեհիկ արտահայտություններ, կադրեր, որոնց պատճառով հայ մարդը կամաչի այն դիտել ընտանիքի անդամների հետ: Հումորը ֆիլմում շատ մեղմ է արտահայտված, և պետք չէ ծիծաղի պոռթկում սպասել: Փոխարենը իգական սեռի ներկայացուցիչները կարող են հուզվել, լաց լինել:

Այն գլուխգործոց չէ, և պետք չէ սպասել, որ այն կցնցի բոլորին, կհիշվի և կդասվի թեկուզ ռուսական դասական ֆիլմերի շարքում, փոխարենը այն կպարգևի դրական էմոցիաներ:

Հանդիսատեսին ամենաշատը դուր եկան այն դրվագները, որտեղ մայրն իր որդու հետ մեկնում են Փարիզ, լուսանկարվում և մտնում թանկարժեք հագուստի խանութներ, քանի որ բոլորս էլ արտերկրում նույն իրավիճակում ենք հայտնվում, և մեծամասամբ նույն բանն անում:

Այն վստահ կարելի է ընդգրկել Նոր տարվա ծրագրերի շրջանակում, ընտանեկան դիտման համար: Կարծում ենք, որ այդպես էլ կլինի: