Դեկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ամանորյա տոներին ընդառաջ կներկայացնի համաշխարհային դասական գլուխգործոցներից մեկը` Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի երաժշտության ամբողջական կատարումը:
Այն նվագախումբը կատարում է անցած տարվանից, սակայն, ինչպես նշում են կազմակերպիչները, այս տարի դեկտեմբերի 18-ին լրացել է բալետի ստեղծման 120-ամյակը: Այս կատարումը նվիրվելու է հենց այդ իրադարձությանը:
Կատարումն ուղեկցվելու է պրոյեկցիայով, որի հեղինակն է Սուքիաս Թորոսյանը, հեքիաթն ընթերցելու է Աննա Միքայելյանը: Համերգին մասնակցելու է նաև «Սպեղանի» մանկական երգչախումբը: Համերգը ղեկավարելու է Էդուարդ Թոփչյանը: