Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու Ռիտա Շառոյանի «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի 5-րդ ֆիլմը: Այն նվիրված է բամբիռ գործիքին:
«Բամբիռի մասին փաստագրական տեղեկությունները սակավ են, դեռևս հաստատապես բնութագրված չեն նրա ավանդական արտաքին տեսքը, կիրառման եղանակը, լարերի թվաքանակը, լարվածքը, հնչողությունը, ձայնածավալը և այլն: Այս ֆիլմով փորձել ենք պեղել-անցնել բամբիռի պատմական ճանապարհը՝ հիմք ընդունելով հայ պատմիչների և վիպասանների վկայությունների, նկարագրությունների, ինչպես նաև առանձին նվիրյալ մասնագետների ուսումնասիրությունները»,- ասում է ֆիլմի հեղինակ Ռիտա Շառոյանը:
Ըստ նրա՝ նվագարանագիտական ուսումնասիրությունները թողնելով հատուկ մասնագետներին՝ նպատակ է ունեցել բամբիռը ներկայացնել նոր ժամանակների մարդուն՝ հիմնավորելով նվագարանի հարատևության իրավունքը:






