Հոկտեմբերի 25-ին Վենետիկում կայացավ Վենետիկի 55-րդ բիենալեի կազմակերպիչների հանդիպումը մասնակից երկրների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը որոշվեց 2013թ. Բիենալեի խորագիրը և այլ մանրամասներ: Փորձեցի ՀՀ մշակույթի նախարարությունից ճշտել, թե ով է մասնակցել այդ հանդիպմանը Հայաստանից: Պատասխանը եղավ այն, որ Իտալիայում Հայաստանի դեսպանատնից նախարարությանը հայտնել են, թե իրազեկված չեն այդ հանդիպմանը հայաստանյան մասնակիցների ներկայության վերաբերյալ: Դա դեռ մի կողմ:
Նախարարությունից նպատակ ունեի նաև տեղեկանալ, թե ով է ներկայացնելու Հայաստանը 2013թ. Վենետիկի բիենալեում: Մի քանի ժամ համբերատար սպասելուց հետո ստացա պատասխան. «2013թ. Վենետիկի Բիենալեին Հայաստանի մասնակցության հետ կապված կլինի համապատասխան հայտարարություն, կընդունվեն մասնակցության հայտեր, որոնք կքննարկվեն և արդյունքում կորոշվի 2013թ. Վենետիկի բիենալեին Հայաստանի մասնակցության ձևաչափը»: Դա նոյեմբերի 15-ին էր:
Նոյեմբերի 21-ին նախարարությունը հանդես եկավ խոստացված հայտարարությամբ, ըստ որի` մինչև դեկտեմբերի 15-ն ընդունում էր հայտեր Վենետիկի 55-րդ բիենալեում Հայաստանի մասնակցության հայեցակարգի և հայկական տաղավարի բովանդակային ձևավորման առաջարկությամբ: Հաղթող առաջարկի հեղինակը պետք է ընդգրկվի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող խմբում և Վենետիկ մեկնող հայկական պատվիրակության կազմում: Հայտերի ընդունման ժամկետի լրանալուն պես փորձեցի պարզել արդյունքները. պահանջեցին հարցում ուղարկել: Այսօր դեկտեմբերի 20-նն է. խոստացել են մինչև վաղը` հարցման գրավոր պատասխանն ուղարկելու ժամկետի լրանալու օրը, արձագանքել:
Դեռևս կարծում եք, որ ամեն ինչ կարգի՞ն է: Իսկ եթե ասեմ, որ, օրինակ, Ռուսաստանն իր պատվիրակության կազմի մասին հայտարարել էր արդեն այս տարվա փետրվարին: Իսկ եթե ասեմ, որ Ռուսաստանից բացի մինչ օրս Վենետիկի 55-րդ բիենալեին մասնակցող արվեստագետների և համադրողների անունները հայտնի են դարձել արդեն շուրջ 30 երկրներում, այդ թվում` Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Կանադայում, Կենտրոնասիական տաղավարը ներկայացնող Ղազախստանում, Ղրղզստանում, Թաջիկստանում, Ուզբեկստանում և անգամ Պաղեստինում…
Իսկ մենք մինչ օրս մասնակցության ձևաչափ ենք պարզում: Մշակույթի ոլորտում բոլոր հնարավոր պաշտոնական հանդիպումների ժամանակ օտարերկրացիներին պատմում ենք մեր դարավոր ու հարուստ մշակույթի և արվեստի մասին, իսկ երբ բանը հասնում է մասնակցությանը համաշխարհային արվեստի առանցքային իրադարձություններից մեկին, մենք «ուղտի ականջում քնած ենք»…
Հավելենք միայն, որ Վենետիկի բիենալեում Հայաստանը 1995-ից ի վեր 8 անգամ ներկայացրել է Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ): 1995-ին, երբ Հայաստանը առաջին անգամ պետք է մասնակցեր Բիենալեին, ՆՓԱԿ-ի հիմնադիր տնօրեն Էդվարդ Պալասանյանը դիմեց ՀՀ կառավարությանը` խնդրելով պաշտոնական նամակ գրել Վենետիկ` հաստատելու Հայաստանի մասնակցությունը: Եվ այդպես ամեն տարի: 2009թ. Հայաստանի մասնակցության բյուջեն, որտեղ ներկայացվեց վրացահայ նկարչուհի Գայանե Խաչատրյանը, 23 հազար դոլար էր, որից 8 հազար դոլարը տրամադրեց Մշակույթի նախարարությունը: Անցյալ տարի Հայաստանն առաջին անգամ ներկայացավ կուրատորական խմբով, ֆինանսավորման մի մասը դարձյալ ապահովեց Մշակույթի նախարարությունը: Այդուհանդերձ մասնակիցները մշտապես հիմնական միջոցները հայթայթել և հայթայթում են Սփյուռքում կազմակերպվող հանգանակությունների շնորհիվ, ինչպես նաև ներդնում սեփական միջոցները:
Վենետիկի 55-րդ Բիենալեն կրելու է «Հանրագիտարանային պալատ» ընդհանուր խորագիրը, գլխավոր համադրողը` Մասիմիլիանո Ջիոնին է: Նախնական բացումը տեղի կունենա մայիսի 29-31-ը, իսկ հրապարակային ցուցադրությունը բաց կլինի հունիսի 1-ից նոյեմբերի 24-ը:






