ՀՀ մշակույթի նախարարությունը Վենետիկի բիենալեին մասնակցության հայեցակարգի առաջարկությամբ ոչ մի հայտ չի ստացել: Այդ մասին այսօր ասուլիսում տեղեկացրեց նախարարության ժամանակակից արվեստի վրարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը: «Ես իսկապես ափսոսում եմ, որ ոչ մի հայտ չենք ստացել, թեև ակնկալում էի, որ կգտնվեն շահագրգիռ կողմեր, որոնք հանդես կգան առաջարկներով»,- նշեց նա:
Ասուլիսին ներկա արվեստաբան, համադրող Լիլիթ Սարգսյանը, ինչպես նաև արվեստագետ Սահակ Պողոսյանն իրենց հերթին նշեցին, որ հայտ ներկայացնելու համար զանգահարել են նախարարության համապատասխան վարչություն, որտեղ հայտերն ուղարկելու հասցեն նշելու փոխարեն իրենց առաջարկել են թողնել հեռախոսահամարը: «Եթե չկա կոնկրետ հաստատություն, որտեղ ես ներկայացնեմ իմ նախագիծը, ապա ինձ համար հայտ ներկայացնելն անիմաստ է»,- ասաց Սահակ Պողոսյանը:
Սեյրանուհի Գեղամյանը տեղեկացրեց նաև, որ հայտերի ընդունման մասին հայտարարվել է, չնայած այն փաստին, որ Մշակույթի նախարարությունը Բիենալեի կազմակերպիչներից մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել: «Մենք կարծում էինք, որ եթե արժանի նախագիծ ներկայացվի, ապա կկարողանանք, ամեն դեպքում, ինչ-որ կերպ մեր մասնակցությունը բերել այդ միջոցառմանը»,- ասաց նա:
Անդրադառնալով մասնակցության համար նախատեսված գումարին` Սեյրանուհի Գեղամյանը նշեց, որ 2013թ. պետբյուջեից Վենետիկի 55-րդ բիենալեում մասնակցությանն աջակցելու համար հատկացվել է 5 մլն դրամ: Հավելենք, սակայն, որ որ 2013թ. պետական բյուջեում «Հանգիստ, մշակույթ և կրոն» բաժնում շուրջ 5 մլն դրամ հատկացումը վերաբերում է «Արվեստ» ձևակերպմամբ ոլորտին, և Վենետիկի 55-րդ բիենալեն չի հիշատակվում:






