Նախագահական ընտրություններն անցել են բարեհաջող եւ առանց լուրջ խախտումների: Այսպիսի կարծիք է հայտնել այսօր լրագրողներին Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Վահագ Մկրտչյանը: Նրա խոսքերով` քվեարկության ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց մասին համապատասխան կառույցները տեղյակ են պահվել: «Սակայն որքանով նրանք կազդեն գործընթացին ամբողջությամբ` պետք է որոշի ԿԸՀ, երբ կստուգվեն բոլոր փաստերը»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, Վ. Մկրտչյանը նշել է, որ իրենց շտաբը նույնպես արձանագրել է ընտրական գործընթացին ոչ վայել փաստեր, որոնք թույլ են տրվել քվեարկողների եւ թեկնածուների կողմից: «Մեր կողմից արձանագրված խախտումները կընդհանրացվեն եւ մանրամասն կներկայացվեն ավելի ուշ»,- ասել է Վ. Մկրտչյանը: Խախտումների թվում նա նշել է, մասնավորապես, ուրիշի փաստաթղթերով քվեարկության փորձերը Ստեփան Դեմիրճյանի օգտին, նրա ներկայացուցիչների կողմից գործադրված ճնշումը ընտրական հանձնաժողովի անդամների վրա: Արձանագրվել են նաեւ խախտումներ Արտաշես Գեղեմյանի նախընտրական շտաբի անդամների կողմից: Վ. Մկրտչյանի խոսքերով` որոշ ԶԼՄ-ներ, ինչպես նաեւ առանձին թեկնածուներ, մասնավորապես, Ա. Գեղամյանը խախտել են Ընտրական օրենսգիրքը` ներկայացնելով քարոզչային եւ հակաքարոզչային տեղեկատվություն քարոզչության համար արգելված ժամանակահատվածում ` փետրվարի 18-19-ը: «Այս բոլոր խախտումների հիման վրա ձեւակերպված են համապատասխան արձանագրություններ եւ տեղյակ է պահվել ԿԸՀ»,- հաղորդել է Վ. Մկրտչյանը: