AM
21 Դեկտեմբեր 2012 - 08:23 AMT

Հաջորդ տարի Տիկնիկային թատրոնը կբեմադրի Թումանյանի «Շունն ու կատուն»

2012թ. Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը երեք պրեմիերա է ունեցել: Այդ մասին այսօր, ամփոփելով տարին, ասուլիսում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: «Երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը բեմադրեց «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը համանուն ստեղծագործության հիման վրա: Մյուս բեմադրությունը Հ.Թումանյանի «Պոչատ աղվեսն» էր, իսկ Ամանորին ընդառաջ բեմադրեց «Ամենա-ամենաուրախ հանդեսը »,- նշեց նա:

Անդրադառնալով հյուրախաղերին՝ Բաբայանը տեղեկացրեց, որ անցնող տարվա ընթացքում թատրոնը տարբեր բեմադրություններով ներկայացել է Միացյալ Նահանգներում, մասնակցել մի շարք փառատոնների Քիշնևում, Բուխարեստում: «Տիկնիկայինը երկրորդ հայկական թատրոնն էր, որը հանդես եկավ Կոստա Ռիկայում՝ շուրջ 20 տարի առաջ այդտեղ ելույթ ունեցած Գ.Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնից հետո»,- ասաց նա՝ հավելելով, որ փառատոնների մասնակցելու հրավերներ կան նաև հաջորդ տարվա համար Ճապոնիայից մինչև Արգենտինա, այդ թվում՝ Ստամբուլ, Մարոկկո, Ինդոնեզիա, Լեհաստան, Բուլղարիա և այլն:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ 2012-ին թատրոնը շարունակել է օժանդակել մի շարք փառատոնների՝ «Ոսկե ծիրան», «Հայֆեստ», «Թատրոն X», «Գիսանե», «Արմմոնո» և «Կին»:

Հաջորդ տարի Տիկնիկային թատրոնը ծրագրում է երեք նոր ներկայացում բեմադրել: «Առաջին եռամսյակում Վալենտինա Տոկմակովան կբեմադրի «Կուկարեկու» ներկայացումը, այնուհետև ես կբեմադրեմ Թումանյանի «Շունն ու կատուն», իսկ տարեվերջին անպայման ամանորյա ներկայացում կբեմադրվի»,- նշեց նա:

Թատրոնի տոմսերի գինը մնացել է նույնը՝ 600-900 դրամ, ամանորյա ներկայացման համար՝ 700 դրամ: