Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը կազմակերպել է ցուցանադես՝ նվիրված համալսարանի հիմնադրման 90 ամյա հոբելյանին:
Բացումը տեղի կունենա այսօր Հայաստանի նկարիչների միության շենքում: Նկարիչների տան բոլոր ցուցասրահներում ցուցադրված կլինեն Մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի նկարչական բաժնի հիմնադիրների, այսօրվա դասախոսների, շրջանավարտների և ուսանողների աշխատանքները:
Միջոցառումը համընկել է նաև նկարչական բաժնի հիմնադրման 50 ամյակի հետ: Ցուցադրվելու են այդ բաժնի հիմնադիր, հանրապետությունում լայն ճանաչում ունեցող նկարիչ- մասնագետներ Կարապետ Մինասյանի, Հովհաննես Զարդարյանի, Ղուկաս Չուբարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Հովհաննես Հարությունյանի, Վահրամ Խաչիկյանի, Սուրեն Սաֆարյանի, Տիգրան Սիմոնյանի աշխատանքները:
Այսօր երիտասարդ նկարիչների կողքին Մանկավարժական համալսարանում աշխատում են ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանը և վաստակավոր նկարիչ Լևոն Կոջոյանը: Կցուցադրվեն նաև նրանց գործերը: Նույն ցուցասրահում կներկայացվեն գործող դասախոսների աշխատանքները, կտավները: Երկրորդ հարկում այցելուները կտեսնեն Մանկավարժական համալսարանի շրջանավարտների և ուսանողների գործերը:
Ցուցահանդեսում ներկայացվելու է գեղանկար, գրաֆիկա, քանդակ, գոբելեն,դեկորատիվ կիրառական արվեստի, հոգուստի մոդելավորման, դիզայնի, խեցեգործության նմուշներ, փայտյա իրեր և մետաղյա զարդեր: Ընդհանուր առմամբ մոտ 300 աշխատանք: