Ֆլորա Մարտիրոսյանի հեղինակած Never Again («Այլևս երբեք») նախագիծը կշարունակվի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց FMS Մեդիայի համահիմնադիր Կարեն Ֆիդանյանը:
Նախագծի միջոցով Ֆլորա Մարտիրոսյանն իր շուրջն էր համախմբում աշխարհի հայտնի արտիստներին` արվեստի միջոցով Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու և աշխարհում նման ոճրագործություններին «ոչ» ասելու համար:
Ֆիդանյանի խոսքով` այժմ ընկերությունը զբաղված է նախաձեռնության հետ կապված որոշակի հարցերով, և չի կարող ասել, երբ է տեղի ունենալու առաջիկա համերգը:
Ընկերությունը համագործակցում էր երգչուհու հետ, և զբաղվում էր համերգների կազմակերպչական հարցերով: Հիշեցնենք, որ 2011 թ-ի Նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի Գիբսոն ամֆիթատրոնում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Never again համերգաշարի առաջին մեծ համերգը: Համերգին մասնակցել են հռչակավոր Սթիվի Ուանդերը, ինչպես նաև Մալինա Մոյը, Ալեքսիա Վասիլեուն, Էրիք Բենեթը: Ֆլորա Մարտիրոսյանը ստացել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը` հայ համայնքին առանձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու համար:






