AM
25 Դեկտեմբեր 2012 - 08:37 AMT

Քաղաքագետ. Հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր տարր են երկու երկրների արտաքին քաղաքականության համար

Հայաստանն ու Ռուսաստանն այս տարի նշում են բարեկամության և փոխգործակցության մեծ պայմանագրի 15-ամյակը: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքով՝ երկու երկրների միջև կա հարուստ պայմանագրային բազա: Այս մասին քաղաքագետն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ամփոփելով հայ-ռուսական հարաբերությունների 2012թ.-ի արդյունքները: Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ այս տարի եղել են նախագահների մակարդակով 3-4 հանդիպումներ, երկկողմ ամենաբարձր մակարդակով փոխայցելություններ:

«Տարիների ընթացքում հաստատվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր էլեմենտ են թե Հայաստանի, թե Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար: Երևանի և Մոսկվայի միջև համագործակցությունը զարգանում է նաև ԱՊՀ, ՀԱՊԿ-ի և այլ կառույցների շրջանակներում, և Հայաստանը հուսալի գործընկեր է»,-ասաց քաղաքագետը:

Նա նշեց, որ ռազմական և անվտանգության ոլորտներում համագործակցության տեսանկյունից տեղի են ունեցել անվտանգության քարտուղարների հանդիպումներ և նրանք հաստատել են, որ Հայաստանը իր անվտանգության ապահովման գործում մեծ տեղ է հատկացնում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ այդ թվում սահմանների անվտանգության ապահովման գործում: Ալեքսանդր Մարկարովը նաև նկատեց, որ Հայաստանն իրականացնում է իր արտաքին քաղաքականությունը, համագործակցելով թե եվրոպական կառույցների, թե ԱՊՀ-ի երկրների հետ՝ ելնելով իր ազգային-պետական շահերից: