AM
26 Դեկտեմբեր 2012 - 11:36 AMT

Սայաթ-Նովային նվիրված մյուզիքլ կստեղծվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սայաթ-Նովայի 300-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է, որ 2012 թվականի սկզբից սկսված միջոցառումները կշարունակվեն նաև 2013-ին: Մինչ այժմ հանրապետությունում կազմակերպվել են Սայաթ-Նովային նվիրված թեմատիկ ցուցահանդեսներ, երաժշտական փառատոներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, հոբեյալանական ներկայացումներ, գիտական նստաշրջաններ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

Հրատարակվել է նաև «Սայաթ-Նովա 300» խորագրով գիրք, նկարահանվել է անիմացիոն ֆիլմ, որը հանրությանը կներկայացվի 2013 թվականին: Ներկայում ընթացքի մեջ են Սայաթ-Նովա մյուզիքլի նախապատրաստական աշխատանքները: Տեղեկացվել է նաև, որ Սայաթ-Նովայի 300-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտնի մարդկանց և կարևոր իրադարձությունների 2012-2013 թթ. օրացույցում:

Օրակարգային երկրորդ հարցով նիստի մասնակիցները հանդես են եկել Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված այլ միջոցառումների կազմակերպման մասին առաջարկներով: Մասնավորապես, առաջարկվել է Սայաթ-Նովային նվիրված գրականությունը և նյութերը թարգմանել տարբեր լեզուներով և միջազգաին միջոցառումների ընթացքում ներկայացնել միջազգային հանրությանը:

Վարչապետ Սարգսյանը ողջունել է այդ գաղափարը և նշել. «Կարևոր է միջազգային ասպարեզում ներկայացնել Սայաթ-Նովային: Պետք է մեծանուն երգահանին ներկայացնենք նաև անգլերեն և ռուսերեն թարգմանված նյութերով: Ընդհանրապես, մենք պետք է կարողանանք քարոզել մեր արվեստը, գրականությունն ու մշակութային ժառանգությունը, այսինքն՝ միջազգայնացնել մեր պատմամշակութային արժեքները»,- ասել է վարչապետը: