AM
27 Դեկտեմբեր 2012 - 15:36 AMT

«Նորաձևության ճանապարհ» ծրագրի հագուստները հանձնվեցին Ժամանակակից արվեստի թանգարանին

Այսօր «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի արդյունքում ստեղծված հագուստները նվիրաբերվեցին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանին:

Մինչ այդ տեղի ունեցավ նորաձևության ցուցադրություն, որին առաջին անգամ մասնակցեցին նաև հաշմանդամություն ունեցող մոդելները: Հավաքածուն բաղկացած է 20 հագուստից:

Այն համեմված էր նաև հայ և ծրագրին մասնակից եվրոպական երկրների (Միացյալ Թագավորություն, Դանիա, Գերմանիա, Չեխիա և Ռումինիա) մշակութային տարրերով, մոդելները հագուստները ներկայացրեցին այդ երկրների երաժշտության ներքո:

Ծրագիրը համաֆինանսավորում են Եվրամիությունը` Մշակույթի հիմնադրամի միջոցով, Եվրոպական մշակութային հիմնադրամը և կազմակերպիչները, որոնք ներկայացնում են EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հինգ անդամ կազմակերպությունները` Բրիտանական խորհուրդը, Գյոթեի ինստիտուտը, Ռումինական մշակութային ինստիտուտը, Դանիական մշակութային ինստիտուտը և Չեխական կենտրոնները:

«Նորաձևության ճանապարհ» ծրագիրը սկիզբ է առել 2010 թ-ին: Փոխայցելությունների ընթացքում հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողներն ուսումնասիրել են միմյանց երկրների մշակույթները և դրանց համադրման արդյունքում ստեղծել մեկ ընդհանուր հավաքածու: Փարաջանովի ֆիլմերը, սոցիալական մարտահրավերները, բնության հմայքները, տարազները, եկեղեցական ճարտարապետությունն ու հոգևորականների վեղարները: Մասնակիցների ոգեշնչման աղբյուրները տարբեր էին, բայց և փոխլրացնող: Ծրագրի շրջանակում անցկացվել են վարպետության դասեր: