Սթիվեն Սփիլբերգը, Քեթրին Բիգելոուն, Բեն Աֆլեկը, Թոմ Հուփերը և Էնգ Լին հավակնում են ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի (Directors Guild of America, DGA) պարգևին: Հինգ թեկնածուների ցուցակը հրապարակվել է հունվարի 8-ին կազմակերպության կայքում:
Բեն Աֆլեկն առաջադրվել է «Արգո օպերացիան» կինոնկարի համար, հայտնում է Լենտա.ռու-ն: 2012թ. հոկտեմբերին էկրան բարձրացած ֆիլմը վաստակել է շուրջ 160 մլն դոլար, ըստ BoxOfficeMojo-ի:
Երկրորդ հավակնորդն է Քեթրին Բիգելոուն «Թիրախ թիվ մեկ» ֆիլմի համար: 2009-ին Բիգելոուն ստացավ DGA մրցանակը «Փոթորկի տիրակալը» ռազմական դրամայի համար:
Թոմ Հուփերը ներկայացվել է «Թշվառները» մյուզիքլի համար, որը էկրան է բարձրացել դեկտեմբերի 25-ին:
Էնգ Լին հավակնում է այս մրցանակին արդեն չորրորդ անգամ, այս անգամ Յան Մարթելի «Փիի կյանքը» համանուն վեպի էկրանավորման համար: Պրեմիերան տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին:
Սթիվեն Սփիլբերգն «Լինքոլն» դրամայով հավակնում է մրցանակին արդեն 12-րդ անգամ: Նա երեք անգամ արդեն արժանացել է մրցանակին: Բացի այդ 2000թ. նա դարձավ DGA «Ամբողջ կյանքի նվաճումների համար» պատվավոր մրցանակի դափնեկիրը:
Հաղթողը կհայտարարվի փետրվարի 2-ին DGA մրցանակաբաշխության 65-րդ արարողության ժամանակ:
Հարկ է նշել, որ DGA դափնեկիրները գրեթե միշտ արժանանում են նաև «Օսկարի»: Ակնկալվում է, որ «Օսկարի» հավակնորդները հայտնի կդառնան հունվարի 10-ին: