AM
10 January 2013 - 10:52 AMT

Երիտասարդական նվագախմբի համերգին կմասնակցի իտալացի ակորդիոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հունվարի 14-ին կներկայացնի 2013 թվականի իր առաջին համերգը: Արդեն երրորդ անգամ նույն բեմահարթակում նվագախմբի հետ հանդես կգա իտալացի աշխարհահռչակ ակորդիոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ: Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգի մասին այսօր ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրեցին հյուրն ու երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը:

«Աշխույժ մեղեդիներ են լինելու, ծրագիրը կազմելիս հաշվի ենք առել, թե ինչ կհետաքրքրի հենց հայ հանդիսատեսին, – ասաց Սերգեյ Սմբատյանը:

«Ես շատ եմ կարևորում հայ երիտասարդների հետ շփումը, բայց միայն այս առաջարկը կարողացա ընդունել, քանի որ խիտ գրաֆիկն ու զբաղվածությունս թույլ չտվեցին: Այս համերգից անմիջապես հետո պիտի մեկնեմ Համբուրգ, ապա Ջենովա: Հատուկ ծրագիր ենք մշակել, կներկայացնենք դեռևս պակաս հայտնի գործեր Աստոր Պիացոլայից` տանգոյի հետաքրքիր մշակումներ, նաև համաշխարհային պրեմիերա կլինի`Մարին Պալմերիի «Տարվա եղանակները» ստեղծագործությունը», -ասաց Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: