Հունվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
Ողջունելով Oլեքսանդր Պավլյուկին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ և հույս հայտնեց, որ նրա գործունեության ընթացքում կշարունակվի առաջընթացը համատեղ ծրագրերի իրականացման գործում: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարարը կարևորեց ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ առավել սերտ համագործակցությունը մայիսին մեկնարկող Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան – Եվրախորհուրդ գործողությունների ծրագրում նախանշված գերակայություններն արդյունավետորեն կյանքի կոչելու համար:
Կողմերն անդրադարձան Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների մասնակցությանը։






