AM
11 Հունվար 2013 - 16:27 AMT

Հունվարի 15-19-ը Հայաստանում հնդկական ֆիլմերի շաբաթ է լինելու

Այսօր, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենային: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է նախարարության լրատվական բաժնից:

Նախարարի խոսքով հայ-հնդկական մշակութային հարաբերությունները կայուն զարգացման փուլում են և հետագա համագործակցությունը կունենա իր արժանի շարունակությունը:

Զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է Հայաստանում իրականացված համատեղ մշակութային ծրագրերին, մասնավորապես` 2012 թ. ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հնդկական «Ռամայանա» էպոսի հայերեն թարգմանությանը և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Հնդկական մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում՝ հնդկական համույթի ներկայացումներին:

2013 թ. ևս Հայաստանում իրականացվելու են համատեղ մշակութային ձեռնարկներ: Հնդկաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը տեղեկացրել է նախարարին, որ հունվարի 15-19-ը «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի «Հնդկական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ծրագիրը, կցուցադրվեն հնդկական բազմաժանր ֆիլմեր /ռուսերեն լեզվով/: