AM
15 Հունվար 2013 - 07:23 AMT

Այսօր «Ռեինկարնացիա»-ն կներկայացնի իր նոր՝ «Աղ ու հաց» ձայնասկավառակը

Այսօր` ժամը 14.00-ին, Կոմիտաս 60 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի «CafeShop» սրճարանում կկայանա «Ռեինկարնացիա» խմբի երրորդ՝ «Աղ ու հաց», նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: Մինչ այդ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանն ասել էր, որ երեկոյան ժամը 20.00-ին Mezzo ակումբում (մուտքը՝ հրավիրատոմսերով) խումբը կներկայացնի ձայնասկավառակում ընդգրկված բոլոր 7 երգերը, որոնց երաժշտության ու խոսքերի հեղինակը կրկին ինքն է:

«Որոշել ենք, որ այսուհետ մեր բոլոր ձայնասկավառակներում հենց 7 երգ է լինելու: «Աղ ու հացը» թողարկվել է 3000 օրինակով ու վաճառքի համար նախատեսվածն չէ», – ասել է Ռոլանդը, բացատրելով, որ նրանք, ովքեր այսօր ձայնասկավառակ չեն ստնան, սկսած ամսի 15-ից կարող են ներբեռնել երգերը խմբի պաշտոնական կայքից, կամ գտնել դրանք «Երևան Սիթի»-ների ձայնասկավառակների խանութներում:

Այն հարցին, թե ինչով է այս ձայնասկավառակը տարբերվում նախորդ երկուսից, երգիչը պատասխանել է.

«Ինչպես միշտ, «Աղ ու հացը» ևս մեր ոճի մեջ է: Չեմ ուզում բացել բոլոր փակագծերը. ասեմ միայն, որ երաժշտությունն ու թեմաներն ավելի հայկական են ու կարծում եմ, որ հենց դրանով էլ այս մեկը կտարբերվի նախորդներից», – ասել է երգիչը, հավելելով, որ այս ձայնասկավառակում մի կարևոր «մեսիջ» կա, որը ունկնդրողը կհասկանա երգերը լսելուց հետո:

Ռոլանդի խոսքով, այս ձայնասկավառակն ավելի կարճ ժամկետներում է պատրաստվել, քան նախորդը: Երգերում արծարծվում են թեմաներ, կապված սիրո, քաղաքականության, ինչպես նաև Հայաստանի անցյալի ու ապագայի հետ: Երգիչը տեղեկացրել է նաև, որ մեկ ամսից լույս կտեսնի 2012-ին «Ռեինկարնացիայի» Եվրոպա կատարած շրջագայութայն մասին փաստագրական ֆիլմը: